Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վանաձորյան հրեշտակապատում

Վանաձորյան հրեշտակապատում
09.09.2016 | 10:00

Դեռ նոր էր աչքս կպել, երբ երազումս մի հրեշտակ երևաց:
-Եկել ես՝ հոգիս առնե՞ս,- խեղճացա ես:
-Չէ, եկել եմ քեզ վերածնեմ:
-Վայ, ապրես դու,- ուրախացա,- չգիտեի, որ պահապան հրեշտակ ունեմ:
-Չէ, ես «Հայկական վերածնունդի» պահապանն եմ, առաջարկում եմ, որ դու էլ վերածնվես, ընտրություններին մեզ ձայն տաս:
-Դու նախկին «Օրինացը» չե՞ս…
-Հենց նա:
-Կմտածեմ…
-Այ մարդ,- հորդորեց հրեշտակը,- մեզ մոտ մտածել-չմտածել չկա, մերը ռիսկ է՝ հանուն սիրելի՜ ժողովրդի, նրա հուսալի՜ վաղվա օրվա, հանո՜ւն…
-Առանց ինձ միտինգ եք անո՞ւմ,- հայտնվեց երկրորդ հրեշտակը:
-Դուք ո՞վ եք,- զարմացա:
-«Քաղաքացիական պայմանագիրը»: Առաջարկում եմ մեզ հետ պայմանագիր կնքել:
-Նոտարական գրասենյակով հաստատվելո՞ւ է…
-Բա ո՞նց, առանց նոտարի ոչինչ չի լինում:
-Եթե պայման կապելով է, ինձ հետ եկեք,- հայտնվեց երրորդ հրեշտակը:
-Դո՞ւ ում պահապանն ես:
-«Բարգավաճն» եմ:
-Էդ դո՛ւ ես բարգավաճ, բա ե՞ս…
-Արի մեզ հետ՝ բարգավաճիր:
-Կգայի, բայց վախենում եմ մի բան էն չասեմ, ու քացու տակ գցեն:
-Դե, եթե էդքան վախեցած ես, գնա «Համախմբում»,- վիրավորվեց հրեշտակը:
-Ես միանշանակ մերժում եմ այն միտքը, որ հնչեց մեր հասցեին,- լսվեց անկյունից:
-Էդ ո՞վ է…
-«Համախմփում» գուսակցության բահաբան հրեշտագն եմ,- ներկայացավ նա:- Միանշանագորեն, խնթիրը բետք է կարողանանք թնել ազգային-բեդագան հարթության վրա… Քնանք միասին, և գհամոզվեք:
-Ոչ մի տեղ էլ չեմ ուզում գնալ, ինձ հանգիստ թողեք:
-Attaboy!,- լսվեց անկյունից, ու մեկը, լապտերը ձեռքին, մոտեցավ:
-Դու ո՞վ ես…
-«Bright Armenia»-ի պահապան angel-ն եմ:
-Թող տուր, բե՞,- բարկացավ «Համախումբի» հրեշտակը,- ուր երթամ՝ աս «Լուսավոր Հայաստանը» ետքես կուգա…
-Առաջարկում եմ՝ դուք իմ հետևից գաք,- ասաց Bright-ը:
-Լուսատտիկդ վերցուր և հեռացիր…
-Նախ, խնդրում եմ ինտելեկտուալ արտահայտվել, եթե անգլերենով չէ, գոնե՝ ֆրանսերենով, իսկ եթե ուզում եք մթության մեջ մնալ, կարող եք ՀԱԿ-ին միանալ, նրանք ցուրտումթի մասնագետ են:
-ՀԱԿ-ին չկպնե՜ք,- առաջացավ մեկ այլ հրեշտակ,- մոռացել ե՞ք, որ դուք իմ հարազատ, հին ընկերներն եք:
-Չհամարձակվեք հին ընկերներին անվանարկել,- հայտնվեց ՀՅԴ-ի պահապան հրեշտակը,- մենք ընկեր ենք, բայց ոչ ձեր ընկերը: Կա՛նք, պիտի լինե՛նք ու ծովից ծով դեռ պիտի բազմանանք:
-Հին երգ է, ջանըմ…
-ՈՒզե՞ս՝ կերգեմ էլ, բա ո՞նց,- ու ձայնը գլուխը գցեց,- անտարբեր մի եղի՜ր, հայ ազգիդ համա՜ր…
-Հարգելի կոլեգա, գոնե այնպիսի մի երգ երգիր, որ միանանք, միտինգ անենք,- ընդհատեց «Քաղաքացիականի» հրեշտակը:
-«Վերածնունդի» մասին թե լինի՝ կրկներգը ես կերգեմ,- առաջացավ «Հայկական վերածնունդի» հրեշտակը:
-Դուք միշտ էլ կրկներգ եք երգել,- նետեց ՀԱԿ-ի հրեշտակը:
-Դու վեր ընկիր տեղդ, արա՜…
-Ժողովո՜ւրդ, ժողովուրդ ջան,- միջամտեցի,- գնացեք մի ուրիշ տեղ երգեք, վիճեք…
-Դե արի ու էս տեսակ ընտրողի համար վիզ դիր,- նեղացավ «Վերածննդի» հրեշտակը:
Արթնացա: Լուսանում էր: Հիշեցի երազս ու ապշեցի՝ էս ո՞նց է, որ ՀՀԿ-ի պահապան հրեշտակը երազիս չերևաց: Զանգահարեցի ՀՀԿ ընտրական շտաբ:
-Ալո, ձեզ ձայն պետք չի՞, ինչո՞ւ երազիս չհայտնվեցիք:
-Էսօր ամսի քանի՞սն է,- հարցին հարցով պատասխանեցին:
-Հոկտեմբերի 3-ն է,- նայելով օրացույցին՝ ասացի ես:
-Մենք արդեն հաղթել ենք, քնով ես ընկել…


Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ

Դիտվել է՝ 177613

Մեկնաբանություններ